Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացնելով նորանշանակ պետնախարար Արթուր Հարությունյանին, անդրադարձել է նաև Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին, հայտնում է Արցախի կառավարությունը
«Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,- ասել է Արցախի նախագահը՝ նշելով, որ խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի, իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք են։
Խոսելով նորանշանակ պետնախարարի մասին՝ երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը, և պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում պետք է ստանձնի պատասխանատվության իր չափաբաժինը:
Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է, և պետք է անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլողների դեմ:
Սեպտեմբերի 18-ի առավոտյան ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախ են տեղափոխվել բժշկական և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև նշել, որ ՌԴ Ռոստով քաղաքից նախատեսվում է բեռների տեղափոխում Լաչինի միջանցքի ու Աղդամի ճանապարհի ուղղություններով։
Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է․ Արցախի ԱԺ նախագահ
Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։...