Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է՝ 1․ տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների (բացառությամբ մինչև 50 անձանց մասնակցությամբ անցկացվելիք հարսանյաց ճաշկերույթների) կազմակերպումը և անցկացումը, 2․ 30-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը, 3․ սննդամթերքի պատրաստումն ու իրացումը՝ մատուցման և առաքման ձևով (խոհարարական արտադրանքի սպառումը), բացառությամբ սուրճի, թեյի, ըմպելիքների, պաղպաղակի, ալյուրե և շաքարե հրուշակեղենի մատուցման»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ կառավարության որոշման՝ սույն սահմանափակումների 1-ին կետի դրույթները տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքերի վրա (hանրային սննդի օբյեկտներ են համարվում հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները):
Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով մարդասիրական և բեռնային բոլոր փոխադրումները։ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Armenia Today-ի հետ զրույցում հաստատել էր, որ Կարմիր Խաչը հունիսի 15-ին դադարեցրել է հիվանդների տեղափոխումը Լաչինի միջանցքով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ին կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի այս գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումներ իրականացնելու նրա մտադրության ևս մեկ ապացույց են։ Հունիսի 22-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Բանաձևը հիմնականում անդրադառնում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար և մարդու իրավունքների հետևանքներին, ընդգծվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղման անհրաժեշտությունը, կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ կատարել ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը։