Ֆրանսիացի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն աջակցություն է հայտնել ամբողջ աշխարհում հալածվող քրիստոնյաներին, այդ թվում՝ շուրջ 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայերին, հայտնում է Nouvelles d’Arménie-ն։
Հունիսի 15-ին Ժիրուն, Փարիզում Mission Night 2023-ի շնորհանդեսի ժամանակ, աճուրդի է հանել իր մարզաշապիկը, որով նա մասնակցել է ԱԱ-2022-ի Ֆրանսիա-Անգլիա քառորդ եզրափակիչ հանդիպմանը և 78-րդ րոպեին դարձել հաղթական գոլի հեղինակ։
Նա վաճառքից ստացված հասույթը փոխանցել է երկու քրիստոնեական կազմակերպությունների, այդ թվում՝ Portes Ouvertes («Բաց դռներ») հաշվեհամարներին։ Փոխանցված միջոցները կստանա Portes Ouvertes-ի գործընկեր Espoir pour l’Arménie-ն («Հույս Հայաստանի համար»)։
Միջոցառմանը ներկա Portes Ouvertes և Espoir pour l’Arménie Anne-Florence Ռոշը և հովիվ Ռենե Լեոնյանը շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և նվիրատուներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետ համերաշխության համար, ինչպես նաև Օլիվյե Ժիրուին՝ գնահատելով նրա հավատքն ու մարդասիրությունը, հայտնում է Nouvelles d’Arménie-ն։
Օլիվյե Ժիրուն «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող է, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում խփած գոլերով ռեկորդակիր (53 գոլ): 2018 թվականին նա ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։
Portes Ouvertes-ը ավետարանական բողոքականների ֆրանսիական ոչ կառավարական ասոցիացիա է։ Ամեն տարի հրապարակում է «Քրիստոնյաների հալածանքի համաշխարհային ինդեքս» զեկույցը, որը պարունակում է տվյալներ ամբողջ աշխարհում քրիստոնյաների հալածանքների՝ եկեղեցիների ավերման, ձերբակալությունների, բռնաճնշումների, սպանությունների մասին։
Առանցքային հարցերում հաջողության չհասնելու դեպքում կդադարեցվի քննարկումը ՀՀ կառավարության հետ. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Առաջիկա օրերի ընթացքում բանակցությունների արդյունքում առանցքային հարցերի շուրջ հաջողության չհասնելու պարագայում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը կդադարեցնի քննարկումները ՀՀ կառավարության հետ...