Արցախի ԱԺ-ն 30 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց հայտարարություն, որով Արցախի և ՀՀ նախկին ու գործող նախագահներին կոչ է անում դատապարտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և սատար կանգնել արցախահայությանը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամլո ասուլիսում կատարված հայտարարությունը, որի մեջ նա վերահաստատել է իր պատրաստակամությունն Արցախը ներառելու Ադրբեջանի կազմում, խիստ վրդովմունք ու զայրույթ է առաջ բերել Արցախում։
«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ կոպտորեն խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, առանձնապես, ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման հրամայական հիմնադրույթն առ այն, որ «ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,- ասված է հայտարարությունում։
Խորհրդականները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, և որևէ իշխանություն իրավասու չէ այն բեկանելու։
«Մեզ համար անընդունելի և առ ոչինչ են Արցախի ինքնիշխանությունը, մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն և դրա հիման վրա կազմված որևէ փաստաթուղթ։ Արցախը երբեք չի հրաժարվելու իր պայքարի անշեղ ուղուց»,- նշված է հայտարարությունում։
Խորապես անհանգստացած առկա վտանգավոր իրողությամբ՝ Արցախի ԱԺ-ն կոչ է անում համայն հայությանը թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից հայոց հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետությունը և ՀՀ ինքնիշխան տարածքներն անկլավների անվան տակ Ադրբեջանին զիջելուն ուղղված աղետալի քայլերը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է հայկական պետականության կորստին։
«Միաժամանակ դիմում ենք Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի վարչապետի հետ համաձայնության նշան»,- եզրափակել են պատգամավորները։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` արդյոք ճանաչո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս, նշել էր, որ Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Վարչապետը նշել էր, որ Ադրբեջանի 86,6 հազար քառ.կմ տարածքային ամբողջականությունը պատրաստ է ճանաչել և իրենց ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի տարածքը՝ 29,8 հազար քառ.կմ: