ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերի հարձակումը, որի արդյունքում սպանվել է Արցախի երեք ոստիկան, կանխամտածված սպանության ևս մեկ գործողություն է: Նա կոչ է արել ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խախտման համար։
Կոնգրեսականը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը նախկինի պես շրջափակված է Ադրբեջանի կողմից։
«Այս վերջին բռնությունը տեղի է ունեցել հումանիտար ճգնաժամի ֆոնին, որն առաջացել է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով, ինչի հետևանքով 120 000 մարդ գտնվում է ծանր վիճակում։ ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանի հարձակումներն Արցախի վրա և պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին։ Կոչ եմ անում ԱՄՆ Պետդեպարտամենտին և Բայդենի վարչակազմին օգտագործել առկա բոլոր դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և Արցախի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման համար»,- եզրափակել է Շիֆը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: