Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Նշվում է, որ առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։
«Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ պատահարներ։ Խնդրում ենք զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է գազամատակարարումը։