«Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը շաբաթներ առաջ Ստեփանակերտի հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո դադար է վերցրել, թեպետ հայտարարել էր, որ շուտով կրկին հանդիպելու է հանրության հետ։
«Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանը դժգոհ է թիմակիցներից, ակնկալում էր, որ ավելի մարդաշատ հանրահավաք կկազմակերպեին, սակայն ընդամենը մի քանի հարյուր մարդ է մասնակցել»,- գրում է թերթը։
Ըստ «Հրապարակի», խոսակցություններ կան, որ նա փորձում է փոխել խորհրդարանում իր խմբակցության կազմը, որից դժգոհ է, սակայն գործնականում դա գրեթե անհնար է։
«Արցախցիների համոզմամբ՝ Բաբայանի ակտիվացումը երկու պատճառ ունի․ առաջին, որ Նիկոլ Փաշինյանն է նրան գործուղել հատուկ առաքելությամբ, ինչը նա հերքում է: Երկրորդ․ դա պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտով, Բաբայանը մշտապես աչքի է ընկել իշխանությունների հետ գործարքների գնալու իր ճկունությամբ և հույս ունի, որ ապագայում ևս դա իրեն կհաջողվի։ Երեկ փորձեցինք Սամվել Բաբայանի հետ զրուցել իր ապագա պլանների մասին, սակայն նա մերժեց՝ ասելով, թե հեռախոսով հարցերի չի ուզում այլևս պատասխանել»,- հայտնում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։