Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդում է, որ Հայաստանում աշխատանքներ են ընթանում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» 42 կիլոմետրանոց հատվածում, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նա այդ մասին հայտարարել է Նյու Յորքում կայացած «Միջին միջանցքի երկայնքով. կապ, ֆինանսներ և էներգիա» խորագրով Կասպիական 6-րդ բիզնես ֆորումում իր ելույթի ժամանակ։
Անդրադառնալով «Թրամփի ուղու» աշխատանքներին՝ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը գործնականում ավարտել է իր «աշխատանքն այս ոլորտում».
«Սկսած 2020 թվականից՝ սկսվել է Բաքվից մինչև Հայաստանի սահմանը ձգվող երկաթուղային նախագծի իրականացումը: Նախագիծը կավարտվի 2026 թվականի կեսերին»,- հայտարարել է նա։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

























