Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավարտվել է, սակայն խաղաղության պայմանագրի կնքման համար քայլ է պակասում, սլովակական Hospodárske noviny պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը գոյություն ունի՞ թե՛ դե ֆակտո, թե՛ դե յուրե, նա շեշտել է, թե «տարածքում խաղաղություն է, հայ-ադրբեջանական սահմանը կայուն է», իսկ «Ղարաբաղն այլևս քննարկման առարկա չէ»։
«Բայց որպեսզի խաղաղության պայմանագիրը վերջնականապես ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է ևս մեկ, վերջին քայլ»,- նշել է նա և հավելել, որ խոսքը վերաբերում է Հայաստանի սահմանադրության փոփոխությանը:
Ադրբեջանի նախագահի օգնականը դրական է գնահատել ՀՀ-ի հետ ուղիղ երկխոսությունն առանց միջնորդների:
2024 թվականի հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Ապրիլին Փաշինյանը պնդել էր, որ Սահմանադրության նոր տարբերակի ընդունման նախաձեռնությունը կապված չէ Բաքվի կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների պահանջի հետ:
Մայիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսվա ընթացքում: