Հայաստանն սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, բայց այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը բոլորի համար օգտակար կլինեն։ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դիվանագիտական հիմքն արդեն ձևավորվել է, և խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է Բրյուսելում, Մոսկվայում և Թբիլիսիում 2024 թվականի վերջին կայացած բանակցությունների ժամանակ։
Թուրքիայի առաջնորդը նշել է, որ տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար։ «Զանգեզուրի միջանցքը», ըստ նրա, ունի ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական նշանակություն։
«Միջանցքը նոր խթան կհաղորդի Միջին միջանցքին։ Թուրքական ապրանքները կկարողանան ավելի արագ հասնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան բեռները կանցնեն Թուրքիայով»,- ասել է Էրդողանը։
Նա նաև ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» երկաթուղային բաղադրիչի կարևորությունը՝ ընդգծելով, որ երկաթգիծը կարևոր դեր կխաղա բեռնափոխադրումների գործում։
«Միջին միջանցքն իր ուժը ստանում է այստեղից»,- հավելել է նա։
Թուրքիայի նախագահը նշել է, որ երթուղին կանցնի Իգդիրով և կմիանա Նախիջևանին։ Նա վստահություն է հայտնել, որ սա կարևոր քայլ կլինի տրանսպորտային լոգիստիկայի զարգացման գործում։
Նրա խոսքով՝ «աշխարհը փոխվում է, և դա պահանջում է նոր լուծումներ և տնտեսական ներուժի ակտիվացում»։
Եզրափակելով՝ նա նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կփոխի տարածաշրջանում մթնոլորտը։ Հաշտեցումից հետո մենք կտեսնենք նոր պատմական հնարավորություններ»։
Էրդողանը մայիսի վերջին հայտարարել էր` Թուրքիան ակնկալում է, որ Իրանը կաջակցի «Զանգեզուրի միջանցքի» իրականացմանը։ Նրա կարծիքով՝ այս նախագիծը կծառայի «տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։
Հայաստանի կառավարությունը, ի պատասխան Ադրբեջանի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով ճանապարհ ապահովելու» պահանջին, առաջարկել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներկայացնում է Հայաստանի տեսլականը տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու ուղիների վերաբերյալ։
Ապրիլին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմի համար անընդունելի են Բաքվի դիրքորոշման մեջ պարունակվող արտատարածքային վերահսկողության և «միջանցքի» բաղադրիչները։ Միևնույն ժամանակ, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր ապաշրջափակել երկու երկրների երկաթուղային ենթակառուցվածքները, ինչպես նաև պարզեցնել երկու երկրների սահմանով բեռների անցման տարբերակը:
Հունիսի 30-ին Carnegie կենտրոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն խաղաղության գործընթացը մեռյալ կետից շարժելու համար, հնարավոր է, փորձի համոզել Ադրբեջանին հրաժարվել ՀՀ սահմանադրության պահանջներից: Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն իսկ Հայաստանին և Ադրբեջանին առաջադրել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման սեփական ծրագիրը։ Middle East Eye պարբերականը նաև հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը հուլիսի վերջին պետք է հանդիպեն Դուբայում:
Հուլիսի 4-ին Էրդողանը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրում Բաքվի «պահանջները հարգելու» անհրաժեշտության մասին։