«Իսլամական պետություն» (ԴԱԻՇ) ահաբեկչական շարժումը, որը 2019 թվականին պարտության մատնվելուց հետո կորցրել էր տարածքներ և ազդեցություն, ավելի ակտիվ է դառնում Մերձավոր Արևելքում, գրել է Reuters-ը։
Ըստ լրատվականի՝ խմբավորումն ակտիվացնում է Սիրիայում և Իրաքում «քնած բջիջները», վերականգնում է հավաքագրման ուղիները, զենք է մատակարարում մարտիկներին և վերակենդանացնում քարոզչական ուղիները: Այս մասին գործակալությանը հայտնել է ավելի քան 20 աղբյուր՝ իրաքցի և սիրիացի պաշտոնյաներից մինչև արևմտյան հետախուզության աշխատակիցներ:
ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ շարժման նոր առաջնորդն Աբդուլ ալ-Քադիր Մումինն է, որը նախկինում Սոմալիում ղեկավարել է ISIS խմբավորումը: 2025 թվականի առաջին հինգ ամիսներին ԴԱԻՇ-ը պատասխանատվություն է ստանձնել Սիրիայում 38 հարձակման համար, մինչդեռ ամբողջ նախորդ տարվա ընթացքում նրանք իրականացրել են 90 հարձակում: ISIS-ը նաև վերադարձել է Իրաք՝ իր ծագման վայրը, նշում է կայքը։
Մինչ այժմ խոսքը լայնածավալ հարձակման մասին չէ, բայց դրա սպառնալիքը բավականին իրական է, նշում են գործակալության ռազմական աղբյուրները: Օրինակ՝ Հյուսիսային Իրաքի Դաքուք քաղաքում տեղական անվտանգության ուժերը գնդակահարել են մահապարտ ահաբեկչի, որը պատրաստվում էր պայթեցնել իրեն մարդաշատ ռեստորանում: Նման դրվագները, ըստ փորձագետների, վկայում են «կազմակերպության կողմից ակտիվ գործողություններին վերադառնալու համակարգված փորձի» մասին, չնայած մասշտաբները մնում են սահմանափակ։
ՄԱԿ-ը տարածաշրջանում զինյալների թիվը գնահատում է 1,5-3 հազար մարդ։ Մոտ 9 հազար գերի վերցված զինյալներ և նրանց ընտանիքի անդամներ պահվում են Սիրիայի հյուսիսում գտնվող ճամբարներում և բանտերում. նրանք այնտեղ են ուղարկվել ԴԱԻՇ-ի պարտությունից հետո և գտնվում են քրդական ինքնապաշտպանության ուժերի պաշտպանության ներքո։ Բացի այդ, արևմտյան հետախուզական գործակալությունները գրանցել են Եվրոպայից Սիրիա մեկնող տղամարդկանց կասկածելի խմբեր։ Նրանք կարող են նաև միանալ ահաբեկիչների շարքերին։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պահպանում են ներկայությունը տարածաշրջանում, բայց աստիճանաբար կրճատում են իրենց զորքերի թիվը։ Միջազգային կոալիցիան նախատեսում է մինչև սեպտեմբեր ամբողջությամբ դուրս գալ Իրաքից։ Սա մտահոգություն է առաջացրել Իրաքի իշխանությունների շրջանում՝ այն տեղեկությունների ֆոնին, որ ԴԱԻՇ-ը, հնարավոր է, առգրավել է նախկինում Բաշար ալ-Ասադի ռեժիմին պատկանող զենքի մեծ պաշարներ։ Վերլուծաբանները Reuters-ի հոդվածում զգուշացնում են, որ համակարգված գործողությունների բացակայության դեպքում սպառնալիքը կարող է կրկին դուրս գալ վերահսկողությունից. ԴԱԻՇ-ն այլևս ի վիճակի չէ գրավել ամբողջ տարածաշրջաններ, բայց շարունակում է մնալ վտանգավոր։
Հայաստանը պաշտոնապես միացել էր ԱՄՆ-ի գլխավորած ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիային 2025 թվականի հունվարին՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Ռազմավարական գործընկերության» ստորագրումից հետո: Միանալուց ի վեր երկիրը մարդասիրական մասնագետներ, այդ թվում՝ ինժեներներ և բժիշկներ, ինչպես նաև հրահանգիչներ է ուղարկել տարածաշրջանային անվտանգության ուժերը մարզելու համար: