Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հունիսի 6-ին նախատեսված այցը Երևան: Эху Кавказа-ի փոխանցմամբ՝ այցը չեղարկվել է նախարարի՝ Ֆրանսիայում անցկացվելիք նախարարական հանդիպմանը մասնակցելու անհրաժեշտության պատճառով։
Նախարարի փոխարեն Հայաստան է ժամանել նրա տեղակալը:
Սոնգուլաշվիլին նախատեսում էր այցելել Երևան՝ Վրացական մշակույթի օրերին մասնակցելու և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ համագործակցության տարբեր ասպեկտներ քննարկելու նպատակով։
Ապրիլի կեսերից Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված հայկական կոնյակով և այլ ալկոհոլային խմիչքներով բեռնատարները երկարատև ստուգումներ են անցնում տարանցիկ երկրում և մնում վրացական անցակետերում: Մայիսի 13-ին և մայիսի 21-ին Հայաստանից կոնյակ արտահանողները բողոքի ակցիաներ էին իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան շենքի առջև՝ պահանջելով լուծում տալ իրենց ապրանքի արտահանման ժամանակ առաջացած խնդիրներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 5-ին հայտնել էր, որ 52 բեռնատար՝ հայկական կոնյակի բեռով, արդեն ստացել է թույլտվություն՝ Վրաստանի սահմանը հատելու և Ռուսաստան մուտք գործելու համար։ Սակայն 72 բեռնատար այդ օրվա դրությամբ դեռ մնում էր Վրաստանի տարածքում։ Պապոյանը հենց այդ հարցն էր նախատեսում քննարկել Սոնգուլաշվիլիի հետ։