Ստամբուլում՝ Քաղիթհանե շրջանում, անհայտ անձինք նռնակ են նետել ռեստորանի և զվարճանքի կենտրոնի վրա, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01:30-ին։ Երկու անհայտ անձինք առանց համարանիշների մոտոցիկլետով մոտեցել են Պարկ փողոցի շենքերից մեկին և նռնակ նետել երկրորդ հարկ։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 7 մարդ, որոնցից 3-ը գտնվում է ծանր վիճակում։
Ոստիկանությունը փակել է փողոցը և խուզարկություններ է իրականացրել ոստիկանական շների միջոցով։ Հետաքննության համար առգրավվել են մոտակա շենքերի տեսախցիկների տեսագրությունները։ Աշխատանքներ են տարվում հարձակվողների ինքնությունը պարզելու և նրանց ձերբակալելու ուղղությամբ։