Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և հեռանում քաղաքականությունից։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ կատարել եմ այն պատվավոր առաքելությունը, որը վստահվել էր ինձ քաղաքականություն վերադառնալիս՝ սկզբում նշանակվելով Պաշտպանության նախարար, ապա երկրորդ անգամ վարչապետ, և վերջապես ընտրվելով կուսակցության նախագահ։ Հիմա ես այլևս անհրաժեշտություն չեմ տեսնում մնալ կուսակցության նախագահ և, ընդհանրապես, քաղաքականության մեջ, ուստի որոշել եմ թողնել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը և հեռանալ քաղաքականությունից։ Ես կշարունակեմ ծառայել իմ երկրին այլ պաշտոնում»,- ասել է նա։
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» հիմնադիր, կուսակցության փաստացի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին՝ նրան «երկրի ամենաբարձր քաղաքական պաշտոններն զբաղեցնելու միջոցով Վրաստանին ծառայելու եզակի հնարավորություն» տալու համար։
Ղարիբաշվիլին «Վրացական երազանք»-ի գործունեությանը մասնակցել է 2012 թվականից՝ դրա հիմնադրումից ի վեր, երկու անգամ զբաղեցրել է վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնները։ Իր իսկ խոսքով՝ կզբաղվի մասնավոր ձեռներեցությամբ՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ։ Նա նաև չի մանրամասնել, թե ով կզբաղեցնի իր տեղը «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնում։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան բացառել է քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը «Վրացական երազանք»-ին ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմում։
2012-2013 թվականներին Ղարիբաշվիլին Վրաստանի հասարակական կարգի նախարարն էր, 2013-2015 թվականներին նա առաջին անգամ գլխավորել է կառավարությունը, 2019-2021-ին զբաղեցրել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ 2021-2024թթ.՝ երկրորդ անգամ Վրաստանի վարչապետի։