Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Տարարը հայտարարել է, որ Ադրբեջանը «շուտով կստանա չինական-պակիստանյան արտադրության JF-17 կործանիչների առաջին խմբաքանակը», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տարարի խոսքով՝ ապագայում հնարավոր է նման տիպի ինքնաթիռների համատեղ արտադրություն։
Փետրվարի 24-ին Բաքու էր այցելել Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։ Նրա հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ կողմերը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը և առաջարկել են աշխատանքներ սկսել պաշտպանական տեխնիկայի համատեղ արտադրության համար։
Բաքուն JF-17-ի Block 3 մոդիֆիկացիայի գնման մասին հայտարարել էր 2024 թվականի սեպտեմբերին։ Բաքվի կողմից այս տեսակի կործանիչների ձեռքբերման շուրջ բանակցություններ էին ընթանում 2008 թվականի հունվարից։
2024 թվականի փետրվարին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել JF-17C Block 3-ի անորոշ քանակի գնման համար: Ինքնաթիռը մշակվել է Չինաստանի CAC-ի կողմից՝ Պակիստանի ֆինանսական աջակցությամբ: Կործանիչն իր առաջին թռիչքն իրականացրել էր 2003 թվականի սեպտեմբերին։