Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրանում քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների հարցը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կողմերը քննարկել են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։
Նշվում է, որ կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակին, համագործակցության հեռանկարներին։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին փետրվարի 6-ին հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի շահերին: Նա հավելել էր, որ Իրանն ու Հայաստանը համակարծիք են «Զանգեզուրի միջանցքի» հարցում, և տարածաշրջանի երկրներից միայն Թեհրանն է այդ հարցում աջակցում Երևանին։
Փետրվարի 5-ին ֆրանսիական RFI ռադիոկայանը, վկայակոչելով տարածաշրջանային վերլուծաբաններին, հայտնել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հունվարին հանդիպումներ են ունեցել Բաքվում և Ստամբուլում՝ քննարկելու «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագրերը։
Ռադիոկայանը նշել էր, որ տարածաշրջանում Իրանի թուլացման և ԱՄՆ-ի կողմից մեծացող ճնշման ֆոնին Անկարան և Բաքուն իրենց ծրագրերն առաջ տանելու հնարավորություն են տեսնում։ RFI-ը նշել էր, որ իրանցի դիվանագետների վերջին հայտարարությունները վկայում են Թեհրանի դիրքորոշման մեղմացման մասին, որը համընկնում է Մոսկվայի և Իրանի կապերի ամրապնդման հետ, և «Ռուսաստանն աջակցում է նախագծին՝ այն դիտարկելով որպես պատժամիջոցները շրջանցելու միջոց»։