Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Ավրահամ Բերմանն այսօր Բաքվում կայացած շինծու դատական նիստում միջնորդություն են ներկայացրել դատարանի կազմը վիճարկելու մասին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը Վարդանյանի միջնորդությունը չի քննարկել։ Նշվում է, որ դատախազներն ու «տուժողները» դեմ են արտահայտվել միջնորդությունը բավարարելուն։
Վարդանյանի դեմ «դատական» հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 25-ին։
Նախորդ՝ փետրվարի 13-ի նիստին Արցախի նախկին պետնախարարը հրաժարվել էր Ադրբեջանի կողմից նշանակված պաշտպանից։
2024-ի դեկտեմբերին Բաքուն դատարան էր հանձնել Ադրբեջանում ապօրինի պահվող 15 անձանց, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների քրեական գործը։ Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել էին Լեռնային Ղարաբաղի ութ քաղաքական և ռազմական առաջնորդների դատավարությունները:
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԱՀ նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։