Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, Թեհրանում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է Mehr-ը։
Նա ընդգծել է Կովկասի տարածաշրջանում աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այդ տարածաշրջանում օտար ուժերի միջամտության դեմ Իրանի քաղաքականությունը:
Իրանի նախագահը նշել է Թեհրանի շահագրգռվածությունը Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, պաշտպանական և անվտանգության ոլորտներում:
Փետրվարի 2-ին Հաջիևը Թեհրանում հանդիպել էր Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանայիի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Բանակցություններից հետո նա հայտնել էր, որ կողմերը քննարկել են վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները, երկկողմ հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը տարածաշրջանային 3+3 ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև տրանսպորտային միջանցքները։