Ռուսաստանը հույս ունի, որ Սոչիում կայանալիք եռակողմ գագաթնաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 31-ին, թույլ կտա առաջ շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Խնդիրները դեռ շատ են։ Կարծում եմ՝ դրանց բոլորի մասին կխոսվի, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի շրջանակում, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը», – ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին։
Մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև տարեվերջ խաղաղության ստորագրման հավանականության մասին՝ Ռուդենկոն նշել է, որ «այս կյանքում ամեն ինչ կարող է պատահել»։ «Եթե այդպես ասել է Հայաստանի առաջնորդը, ապա երևի դրա տակ ինչ-որ հիմքեր ուներ այդպես կարծելու», – նշել է նա։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ համագումարին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պատաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության «ռուսական» առաջարկը։