Կառավարության որոշմամբ՝ Վահան Հակոբյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնում։
Նշվում է, որ իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ մաքսային ոլորտին առնչվող շահերը ՌԴ-ում ներկայացնելու, Հայաստանի և Ռուսաստանի միջև մաքսային ոլորտին առնչվող հարցերում փոխշահավետ և ակտիվ համագործակցություն ապահովելու, այդ թվում՝ Վերին Լարս միջազգային ավտոմոբիլային անցակետում մաքսային գործառնությունների իրականացման հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ օպերատիվ քայլեր ձեռնարկելու, Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում մաքսային գործընթացների, տեղափոխվող ապրանքների հոսքերի մասին տեղեկություններ հավաքագրելու և ՀՀ ՊԵԿ ղեկավարին դրանք տրամադրելու նպատակներով ՌԴ-ում ՀՀ համապատասխան ներկայացուցիչ՝ մաքսային կցորդ ունենալու անհրաժեշտությամբ:
Այս ամառ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Արամ Թանանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Իր պաշտոնանկության պատճառների մասին Թանանյանն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ «կառավարությունն ինքն է պաշտոններ նշանակում, ինքն է ազատում», հավելելով, որ չի մեկնաբանի կառավարության որոշումը, դա իր լիազորություններից դուրս է։