Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՌԴ-ից Հայաստան կանոնավոր կերպով՝ օրը մի քանի անգամ զենք տեղափոխող բեռնատար ինքնաթիռներ են ժամանել:
«Եթե Ռուսաստանն իսկապես մի քանի ինքնաթիռ ուղարկեր Հայաստան, միգուցե պատերազմն այլ կերպ ավարտվեր։ Բացի այդ, այդ ինքնաթիռներին հնարավոր չէր չհետևել, և այդ մասին դեռ այն ժամանակ կգրեին բոլոր լրատվամիջոցները», – ասել է նա։
Փորձագետը նշեց, որ հստակ վկայություններ չունի այն մասին, թե Ալիևը գործում է Արևմուտքի պատվերով կամ իր անունից, երբ կոշտացնում է Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանությունը։ «Ես պարզապես հասկանում եմ, որ նա լկտիանում է, քանի որ տեսնում է, որ Ռուսաստանն այժմ Ուկրաինայում մեծ հաջողությունների չի հասնում», – ասել է ռուս քաղաքագետը:
Խրամչիխինի խոսքով՝ միանգամայն հավանական է, որ նման հայտարարությունները հեռուն գնացող նպատակներ են հետապնդում՝ դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղից՝ այնտեղ գտնվելու ժամկետի ավարտից հետո: «Ես չեմ կարող հարյուր տոկոսով դա պնդել, բայց միանգամայն հավանական է, որ հենց դա է նա ցանկանում», — հավելել է փորձագետը:
Փորձագետը հայտարարել է, որ Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման դեպքում ուժերի հավասարակշռության արմատական փոփոխություն տեղի կունենա։ «Ադրբեջանը հնարավորություն կստանա փակել Ղարաբաղի խնդիրն իր համար ցանկալի տարբերակով», – ասել է նա:
Խրամչիխինի կարծիքով՝ այս պահին Ռուսաստանը հակված չէ իրադարձությունների նման զարգացմանը։ «Այժմ Ռուսաստանն այդ մասին չի էլ մտածում, քանի որ մինչև ժամկետի ավարտը դեռ 3,5 տարի կա, իսկ Ռուսաստանում նույնիսկ ավելի պարզ իրավիճակներում այդպես չեն մտածում», – հայտարարել է փորձագետը: