Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի լուծարումն անվավեր ճանաչող հրամանագիրը հրապարակել է, որպեսզի Հայաստանի իրավապահները պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն Արցախի համայնքապետերին, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Հայաստանում գործեր են հարուցել բազմաթիվ արցախյան համայնքապետերի նկատմամբ՝ համարելով, որ եթե Արցախը լուծարված է, և կա հրամանագիր, դիցուք՝ Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել իր քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը, ունենալով համայնքապետարանի կնիքը, տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել, որոնք մեքենաների վերագրանցման, քաղաքացու՝ Ստեփանակերտի բնակիչ լինելու փաստի և այլ նպատակների համար էին։
Փաստաբան Ռոման Բաղդասարյանը մայիսի 14-ին հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր էր ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
2023-ի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայից հետո Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել Արցախի բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը լուծարելու մասին։ 2023-ի դեկտեմբերին Արցախի նախագահը հայտարարել էր, որ իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթուղթ գոյություն չունի։