Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ նկատել է «բազմաթիվ թերություններ» և դրանցից համապատասխան եզրակացություններ կարվեն, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Որոշ դեպքերում այդ թերությունները կունենան իրավական հետևանքներ, բայց փաստն այն է, որ բացի մասնագիտական շրջանակներից, որոնք արձանագրել են դրանք, հանրությունը թերություններ չի արձանագրել։ Իսկ դա խոսում է կատարված՝ հիմնականում լավ և բարձր պատասխանատվությամբ աշխատանքի մասին»,- ասել է ԿԸՀ նախագահը։
Նա հիշեցրել է, որ թե՛ Գյումրիի, թե՛ Փարաքար համայնքի ավագանիների ընտրությունների արդյունքները չեն վիճարկել դատական կարգով։
Մարտի 30-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի էին ունեցել ավագանու արտահերթ ընտրություններ։ Գյումրիում ընտրություններին մասնակցել էր 9 քաղաքական ուժ, Փարաքարում՝ 4 կուսակցություն և դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Գյումրիում ընտրություններին մասնակցությունը կազմել էր 42,66%, Փարաքարում՝ 54,97%: ՀՀ քննչական կոմիտեն 10 քրեական գործ էր հարուցել Գյումրիում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների շուրջ։