Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարել են իրենց ձայնը երկրորդ տեղն զբաղեցրած «Հայաստանի կոմունիստական կուսակցության» թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տալու որոշման մասին։
«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ պատրաստ է Ղուկասյանի օգտին քվեարկել ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու։
«Առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեներն ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին»,- գրել է նա։
«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները տեսաուղերձով ընդդիմադիր ուժերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանությունից զրկելու նպատակով համախմբվելու կոչ էին արել։
«Մենք ասել էինք, որ եթե որևէ այլ ընդդիմադիր ուժ առավելագույն ձայներ ստանա ընտրությունների արդյունքում, ապա պատրաստ ենք մեր քվեով, առանց որևէ կոալիցիոն բանակցությունների, աթոռակռվի մեջ մտնելու սատարել նրան»,- ընդգծել էին նրանք՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումը։
Մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով՝ Գյումրիում ՔՊ-ն առաջատար է, սակայն 50+ ձայներ չի հավաքել։ Փարաքարում ՔՊ-ն պարտվել է։ Գյումրիում 81 ընտրական տեղամասի արդյունքներով՝ ՔՊ-ն և ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը հավաքել են 16 938 ձայն։ Երկրորդ տեղում Ղուկասյանն է՝ 9537 ձայնով։ Երրորդ տեղում «Մեր քաղաքը» դաշինքն է և նրա թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 7296 ձայնով, չորրորդում՝ Մխիթարյանն ու «Իմ հզոր համայնքը»՝ 3659 ձայնով։ Առաջատարների հնգյակը 2844 ձայնով եզրափակում է «Մայր Հայաստան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
Փարաքարում ձայների հաշվարկի արդյունքներով առաջատար են «Միասնություն» կուսակցությունների դաշինքը և նրա քաղաքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որոնք հավաքել են 6508 ձայն։ Երկրորդ տեղում ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանն է՝ 3669 ձայնով։ «Ազգային առաջընթաց» և «Կայունություն» կուսակցություններն ստացել են համապատասխանաբար 900 և 426 ձայն։