ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը քննարկել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը և զարգացումները՝ ընդգծելով բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համագոյակցության սկզբունքների ամրագրումը որպես կայունության և զարգացման հիմք ողջ տարածաշրջանի համար, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանդիպումը կայացել է Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում, որտեղ Խաչատուրյանը մասնակցում է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովին:
Խաչատուրյանը և Արեֆը հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ ՀՀ նախագահը բարձր է գնահատել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածում իրանական կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով դրանց նշանակությունը տարածաշրջանային կապուղիների զարգացման գործում։