Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, որը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և օժանդակելու ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Բերսեն նաև շնորհավորել է վարչապետ Փաշինյանին առ այն, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու են Եվրոպական համայնքի գագաթնաժողովը և COP-18-ը՝ դա որակելով որպես Հայաստանի աճող միջազգային հեղինակության վկայություն։
Փաշինյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը՝ կարևորելով դրա դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական աջակցության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հեռանկարներ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և կայունության ապահովման վերաբերյալ։
Մայիսի 14-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման կոչ էր արել։