Խաղաղությունը Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար կայունության և բարեկեցության հասնելու միակ ճանապարհն է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:
«Բարձր եմ գնահատում Ձեր կառավարության հանձնառությունը՝ խաղաղության գործընթացին և աջակցությունն՝ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Հավատացած եմ, որ երկխոսությամբ տևական խաղաղության իսկապես հնարավոր է հասնել: Ճանապարհը դեպի խաղաղություն՝ դյուրին չէ, բայց դա միակ ճանապարհն է Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար՝ կայունության և բարեկեցության հասնելու համար»,- ասել է նա:
Շիմոնիտեն նշել է, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը:
«Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել մեր փորձագիտական աջակցությունը Եվրամիություն-Հայաստան համապարփակ խորացված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին»,- ասել է Լիտվայի վարչապետը:
Ինգրիդա Շիմոնիտեն ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին և հայտնել Լիտվայի կառավարության աջակցության մասին:
«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին, ցավակցում եմ այն տառապանքի համար, որը կրել են տներից հեռացած մարդիկ: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական, նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին, թեպետ դա չի ամոքի ցավը, հույս ունեմ, որ դա կօգնի հոգալ նրանց որոշ՝ ամենահրատապ կարիքների մի մասը»,- ասել է նա:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱՀ պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա), ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։