ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսացրույցի ընթացքում քննարկել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությունը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին:
Կառավարության փոխանցմամբ՝ Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ-ում Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր առաջընթացի մասին՝ միևնույն ժամանակ ամրագրելով, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարության մեջ ևս նշել էր առաջընթացի մասին՝ նշելով, որ կողմերը համաձայնության են եկել հաշտության պայմանագրի նախագծի մի շարք լրացուցիչ հոդվածների շուրջ։
Այսօր՝ հուլիսի 11-ին Ադրբեջանը կրկին արգելափակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից առողջական ծանր խնդիրներ ունեցող արցախցի բուժառուների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև բուժառուների հետվերադարձը դեպի Արցախ։