ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ ընդգծելով տարեցտարի աճող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև բիզնես կապերի զարգացման դինամիկան, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Թուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային իրավիճակը և վերջին զարգացումները։ Նշվում է, որ ընդգծել են խաղաղության, կայունության և փոխադարձ հարգանքի սկզբունքների կարևորությունը՝ որպես բոլոր պետությունների առաջընթացի և անխոչընդոտ զարգացման կարևոր պայման։
Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները։ Նախագահը նաև ասել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես կայուն և արդյունավետ քաղաքական երկխոսություն, որը ծառայում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։