ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռու մնան կաթողիկոսից, բայց եկեղեցին էլ պետք է զգաստանա, իր 100-օրյա պաշտոնավարման մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Փաշինյանն ընդհանրապես կաթողիկոսից պետք է հեռու մնա, դա իր գործի բանը չի, ոչ էլ ՔՊ-ի բանն է, բայց որ պետք է եկեղեցին էլ զգաստանա, էդ փաստ է։ Կապրենք՝ կտեսնենք»,- նշել է նա։
Քաղաքապետը հայտնել է, որ շատ բացասական է վերաբերվում նաև Բագրատ և Միքայել սրբազանների կալանքին։
«Ես մեղադրանքին ծանոթ չեմ։ 65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն։ Մեկ էլ 37 թվականին էր, որ մենք լսել ենք նման բան»,- հիշեցրել է Ղուկասյանը։
Պաշտոնյան անդրադարձել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքին և նրա հետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցելու հնարավորությանը։
«Ես Կարապետյանի մասով բան չեմ կարող ասել․ իր ապրած կյանքը, իր աշխատանքը հարգանքի արժանի են։ Ինքն այսօր առաջնային դեր է խաղում, որ այդքան հնարավոորություն է ստեղծել, ոչնչից դարձել է միալիարդատեր, և գրպանն էլ կարած չէ, ազգի համար շատ բան է արել»,- նշել է Ղուկասյանն ու շեշտել, որ դեռևս ընտրություններին մասնակցելու շուրջ որոշում չունի։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:
2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ Սամվել Կարապետյանն է դառնալու այդ ուժի ղեկավարը:
Կարդացեք նաև՝