«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը կղեկավարի իր նախաձեռնությամբ ստեղծվող նոր քաղաքական ուժը, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Տաշիր» խմբի փոխնախագահ, ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞վ է գլխավորելու նոր ուժի նախընտրական ցուցակը։
«Կարապետյանը կլինի մեր քաղաքական թիմի ղեկավարը, և նրա աշխատանքային հովանու ներքո մենք կգնանք առաջ։ Տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքականության բոլոր հարցերում մենք կհետևենք նրա նախանշած ուղուն, և թիմը կձևավորվի պրոֆեսիոնալիզմի հիման վրա»,- ասել է նա։
2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված Կարապետյանի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ Հուլիսի 14-ին նա հայտնել էր նոր քաղաքական թիմ ձևավորելու մեկնարկի մասին։
Նարեկ Կարապետյանը նաև մեկնաբանել է նոր շարժման՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ կապերի վերաբերյալ քննադատությունները։ Նա նշել է՝ ոչ ոք չի կարող ժխտել, որ Սամվել Կարապետյանի ընտրած ուղին ամբողջովին տարբերվում է երեք նախկին նախագահների անցած ճանապարհից։
«Անցած ուղիները տարբեր են, մարդիկ տարբեր են, մոտեցումները տարբեր են»,- ասել է նա։
ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը նաև մեկնաբանել է Ստոկհոլմի միջազգային արբիտրաժի որոշումն ընդդեմ ՀՀ-ի:
Կարապետյանի կարծիքով՝ շրջահայաց տնտեսական քաղաքականություն վարող կառավարությունը վաղ թե ուշ պետք է համաձայնվի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների։
Նա ընդգծել է, որ որոշման կատարման հետաձգումը կամ մերժումը կհանգեցնի «շատ մեծ բացասական հետևանքների» Հայաստանի տնտեսական հեղինակության և վարկանիշի համար աշխարհում և, մասնավորապես, Եվրոպայում։
«Աշխարհում ամենահետադիմական երկրներն են այդպես վարվում։ Դա կլինի Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության մեջ խնդրահարույց հարց, որը կբերի նաև մեր երկրի վարկունակության հետ կապված խնդիրների»,- ասել է նա։
Կարապետյանը հիշեցրել է, որ միջազգային դատարանների որոշումները, ըստ միջազգային նորմերի, գերակա են։
«Եթե արբիտրաժը որոշումը կայացրել է, ուրեմն պետք է կատարվի։ Եթե գնում են հապաղման ճանապարհով կամ չկատարման, ցավոք, դա կբերի շատ մեծ բացասական հետևանքների մեր երկրի վարկանիշի հետ կապված»,- ասել է Կարապետյանը։
Հուլիսի 23-ին Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել էր ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։ Միջազգային դատարանը իր միջանկյալ իրոշմամբ արգելել էր ՀՀ կառավարությանը բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։
Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ հայտարարած գործարար Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունը հայտնել էր ՀԷՑ-ի պետականացման գործընթաց սկսելու մասին: Կարապետյանի ընտանիքը ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին: