ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության բացահայտմամբ իշխանությունը «պատժում է» Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, գրել է «Հրապարակ»-ը։
Կալանավորվածներից մեկը՝ Սասուն Առուշանյանը, Բաբայանի թիկնազորի պետն էր, թեև նրանց հարաբերությունները հետագայում խզվել էին, հիշեցրել է թերթը։
Լրատվականը պարզաբանել է, որ Փաշինյանը որոշել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Բաբայանի միջոցով համախմբել արցախցիներին, և այդ ընտրազանգվածը հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտագործել։ Բաբայանն էլ որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց հաճախ տարբեր վայրերում հայհոյել, վիրավորել է Փաշինյանին, ինչի մասին պատմել են վարչապետին։
Հուլիսի 19-ին մամուլը գրել էր, որ Բաբայանը կարող է ներգրավվել Խորխոռունու սպանության գործում, որը տեղի էր ունեցել 27 տարի առաջ։ «Հրապարակ» օրաթերթը նշել էր, որ սպանության գործով մեղադրվում է Բաբայանի թիկնազորի նախկին պետ Առուշանյանը, որն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով Բաբայանին առաջադրված մեղադրանքում դերակատարում էր ունեցել։
Թերթի տեղեկությամբ՝ եթե Բաբայանը 2026-ի ընտրություններից առաջ ոչ իշխանահաճո քայլեր անի, ապա նրան էլ այդ գործում կներգրավեն։
Բաբայանը Factor.am-ին հերքել էր, որ Առուշանյանն իր թիկնազորի պետն է։ Նրա խոսքով՝ թիկնապահ չի ունեցել, հետևաբար թիկնազորի պետ էլ չէր կարող ունենալ։ Բաբայանը նշել էր, որ Առուշանյանը շտաբի ծառայող էր, սպա։