Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են երկու երկրներում անօրինական բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր, հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը նախատեսում է նման անձանց արտաքսում և հետագա վերադարձ հայրենիք։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր ժամանել է Թբիլիսի։ Նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՆԳ նախարար Գելա Գելաձեի հետ։ Վրացի նախարարի խոսքով՝ երկու երկրների իրավապահ մարմինների միջև հաստատված օպերատիվ կապը միջազգային հանցագործության դեմ ավելի արդյունավետ պայքարի ամենակարևոր գործիքն է։ Սարգսյանն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Գելաձեի ղեկավարության օրոք երկու մարմինների միջև հարաբերությունները կդառնան էլ ավելի սերտ։
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել երկու գերատեսչությունների գործունեության ոլորտի մի շարք ուղղություններ, որոնք գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։