ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երեկ ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ՝ ընկերության պետականացումից հետո, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ թերթի՝ վարչապետը մի քանի շաբաթ է՝ կառավարչի թեկնածուների «քասթինգ էր իրականացնում», սակայն հարմար թեկնածու չեն գտել, որը և՛ ոլորտի մասնագետ լինի, և՛ Փաշինյանի համար վստահելի մարդ։
«Քասթինգի մասնակիցներից քիչ թե շատ Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արտակ Հովակիմյանն է ոլորտի մասնագետ․ նախկինում՝ ԲԷՑ-ի տնօրեն, սակայն նա կապեր ունի նախկինների հետ, և նրա թեկնածությունը ՔՊ վերնախավը չի հաստատել»,- նշել է թերթը։
Լրատվականը հավելել է, որ իշխանության ամենամեծ խնդիրը ՀԷՑ-ի շուրջ 7000 աշխատակիցներին «իշխանության էլեկտորատ դարձնելն է»։
Քննչական կոմիտեն հուլիսի 4-ին Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։
ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մերժել էր «ՀԷՑ» ՓԲԸ-ի ներկայացրած 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը, ըստ էության, միտված օրենքները։
Կարդացեք նաև՝