Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը մի շարք հայտարարություններ է արել Հայաստանում ստեղծված իրավիճակի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վերաբերյալ։ Նրա խոսքերը մեջբերվել են «ՌԻԱ Նովոստի»-ի մի քանի հրապարակումներում։
Աբրահամյանն ասել է, որ Փաշինյանը պետք է անհապաղ լքի վարչապետի պաշտոնը, եթե մտածում է հայ ժողովրդի մասին։
«Այս մարդը չի կարող լինել վարչապետ։ Նա պետք է հենց հիմա ասի՝ ես հեռանում եմ»,- ասել է Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը չի հարգում երկրի շահերը, որոնցից մեկը նա համարում է Ռուսաստանի հետ դաշինքը։
«Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ լինելը։ Ես կարող եմ քսան պատճառ թվարկել, թե ինչու է այդպես»,- ընդգծել է Աբրահամյանը։
Նա կարծում է, որ Փաշինյանը փորձում է խաթարել Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը՝ վախենալով դրա ազդեցությունից հասարակության վրա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին։
«Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը կարող է միավորել ժողովրդին։ Եվ նա ուզում է արժեզրկել այն»,- շեշտել է Աբրահամյանը։
Ռուսաստանի հայերի միության ղեկավարը հայտարարել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական սփյուռքի մասնակցությամբ առցանց համաժողովի մասին՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու։ Աբրահամյանն ուղղակիորեն դիմել է Փաշինյանին. «Մարդկանց դիպչելու կարիք չկա։ Ժողովուրդը պետք է ապրի լավ, անվտանգ, երեխաները՝ ապագայով»։
Աբրահամյանի խոսքով՝ տարբեր երկրների հայեր դիմում են իրեն՝ եկեղեցու և ժողովրդի ապագայի համար մտահոգությամբ։ Նա ընդգծել է՝ լռել անհնար է։
Հունիսի վերջին Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունք էր հայտնել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող հալածանքների վերաբերյալ՝ այն անվանելով «ժողովրդի պատմության մեջ ամոթալի երևույթ»։
ՌՀՄ-ն հայտարարել էր, որ նման գործողություններով Փաշինյանը «ձգտում է ոչնչացնել ազգի հոգևոր և բարոյական հիմքը կազմող ամեն ինչ, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները հայկական արժեքները ներկայացնող ոչ մի ուժ չկարողանա ինքնադրսևորվել»։