ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ փնտրում է կաթողիկոսի նոր թեկնածու, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Օրաթերթը տեղեկացել է, որ այս պահին Փաշինյանի նախընտրելի թեկնածուն ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն է, որն այս ժամանակահատվածում որևէ դիրքորոշում չի արտահայտել։
«Փաշինյանին ներքին աղբյուրներով հայտնել են, թե Հայաստանից դուրս հոգևորականներն այն դիրքորոշումն ունեն, որ վեհափառն իսկապես կուսակրոնության ուխտը խախտել է, տարբեր հարցերում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, հոգևորականներին թույլ է տվել խառնվել քաղաքականությանը. արդյունքում՝ եկեղեցին չի պահպանել ապաքաղաքական կառույցի իր դերը, ինչի պատճառով էլ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից»,- նշված է հրապարակման մեջ:
Լրատվականը հավելել է, որ դեռևս ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տերտերյանին իշխանություններն առաջարկ չեն ներկայացրել, բայց իշխանական վերնախավն այն կարծիքին է, որ Տեր Հովնանն այս պահին միակ մարդն է, որ կարող է իշխանություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորել, եկեղեցականներին միավորել, այն ապաքաղաքական կառույց դարձնել:
Թերթը նշել է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ դա է պատճառը, որ Փաշինյանը կոնկրետ քայլերի չի գնում` առաջնորդելու Կաթողիկոսարանի երթը, որտեղից, ինչպես ինքն է հայտարարել, հեռացնելու է վահափառին:
«Արդեն կան հոգևորականներ, որոնք «կապի մեջ են» Փաշինյանի թիմի հետ ու վստահեցրել են վարչապետին, որ կաթողիկոսը ելք չունի ու շուտով հրաժարական կտա, կհեռանա, և իշխանությունները հավուր պատշաճի կկազմակերպեն նոր կաթողիկոսի ընտրությունները»,- գրել է լրատվականը:
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր