ՌԴ Պետդումայում չեն բացառել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով վարձակալելու ԱՄՆ-ի ծրագիրը կարող է իրական լինել, RTVI-ին տված հարցազրույցում այդ դիրքորոշումն է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
«Զանգեզուրի միջանցքը» 100 տարով վերահսկողության տակ վերցնելու մասին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերին անդրադառնալով՝ Զատուլինը նշել է, որ այդ ծրագիրը կարող է իրական լինել։
Նրա խոսքով՝ ամերիկացի դեսպանի խոսքերի հիմքում «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունն է նման տարբերակին»:
«Կարծում եմ՝ միանգամայն իրական հեռանկար է։ Ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին սրացումները կապված են նրա հետ, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի կողմից լարվածությունն արհեստականորեն խորացվեց, որպեսզի Մոսկվային չհարցնեն «Զանգեզուրի միջանցքի» մասին»,- ընդգծել է պատգամավորը։
Զատուլինը հիշեցրել է, որ նախկինում խոսքն այն մասին էր, որ նման միջանցք ստեղծելու դեպքում այն կվերահսկեն ռուսական զորքերը կամ Ռուսաստանի ներկայացուցիչները։ Պատգամավորը կարծում է, որ այժմ «այդ մասին չեն անհանգստանում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»:
«Նրանց համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, գիտակցաբար ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարաբերությունների սառեցման պատճառով ոչ թե այդ մասին հարցնեն Ռուսաստանին, այլ պայմանավորվեն ամերիկացիների հետ։ Կարծում եմ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իսկապես ասել է այն, ինչի մասին պայմանավորվում են»,- եզրափակել է նա։
Հուլիսի 14-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է 100 տարի ժամկետով վերահսկողության տակ վերցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքը։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ «Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը»։
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դեմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությանը» և պնդում է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի տրամադրելու դեպքում պետք է լիովին պահպանվեն ՀՀ ինքնիշխանության և իր տարածքի ու ենթակառուցվածքների նկատմամբ իրավասության սկզբունքները: