«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին հայտարարությունը ՀՀ իշխանություններին մտահոգում է այնքանով, որ ՌԴ քաղաքացին փորձում է խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, լրագրողներին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Ըստ Չախոյանի՝ 2018 թականից ի վեր՝ բավականաչափ մեծ թվով նոր ուժեր են ի հայտ եկել ու ձևավորվել։
«Տեսել ենք, թե իրենք ինչի են ընդունակ և իրենց պոտենցիալն ինչի է հերիք։ 2026 թվականի ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, բոլորդ կհամոզվեք, թե ինչ աջակցություն ունի իշխանությունը և ինչ աջակցություն ունեն այդ նոր ձևավորվող ուժերը»,- նշել է Չախոյանը։
Այսօր ավելի վաղ Կարապետյանը հայտարարել էր նոր քաղաքական ուժ ձևավորելու և դրա մեկնարկի մասին։
Հուլիսի 4-ին Երևանում տեղի էր ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի։ Մասնակիցները Մաշտոցի պողոտայից երթով շարժվել էին դեպի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր կալանավայրի շենք, որտեղ պահվում է Կարապետյանը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։