Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի՝ տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը:
Սաֆարյանը, մասնավորապես, ասել էր. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո՛, կարող է իրականացվել»:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզաբանման մեջ նշել է, որ նախարարի տեղակալը լրագրողի հարցին ի պատասխան՝ վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը, քանիցս շեշտել Երևանի համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։
«Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը։ Չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Պաշտոնական Երևանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին Աբու Դաբիում բանակցություններ էին վարել, որոնք տևել էին ավելի քան 5 ժամ։
Հանդիպումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցառումները երկու երկրների միջև: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հանդիպմանը քննարկվել է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը: