«Տաշիր» ընկերությունների խումբը մտահոգություն է հայտնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակում տեղի ունեցածի առումով՝ նկատի ունենալով խուզարկություններն ու ձերբակալությունները։
«Չենք կարող չարտահայտել մեր մտահոգությունը տեղի ունեցողի ձևաչափի և մասշտաբների վերաբերյալ։ Վերջին օրերի իրադարձությունների համատեքստում առկա են բոլոր հիմքերը ենթադրելու, որ գործընթացն ակնհայտ ունի քաղաքական դրդապատճառներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում բաց, օրինական և կառուցողական երկխոսության սկզբունքներին։
«Իրավապահ մարմիններին հորդորում ենք գործել բացառապես Սահմանադրության և քրեական օրենսդրության շրջանակում՝ բացառելով ճնշման կամ հրապարակային շոուի որևէ տարր»,- շեշտել են ընկերությունից։
Հուլիսի 2-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել էր աշխատանքից ազատել ՀԷՑ աշխատակիցներին՝ «քաղաքական ինտրիգներով» զբաղվելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։ Նույն օրը խուզարկություններ էին սկսվել Երևանում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։
Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մերժել էր «ՀԷՑ» ՓԲԸ-ի ներկայացրած 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։
Կարդացեք նաև՝