Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել սոցիալական ցանցում՝ նշելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից» և հայտարարել, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
«Բոլոր բանավեճերից անդին՝ այս ընթացքում բացահայտվեց ամենակարևորը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գևորգ Աջապահյանի և էլի ոմանց կապի և առնչության իսպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից և պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- նշել է նա:
Վարչապետն իր գրառման մեջ կիրառել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան), Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ (Վազգեն) Գալստանյանի և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանի աշխարհիկ անունները:
Մայիսի 29-ից սկսած Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակիցների։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը: