Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը իրանա-իսրայելական պատերազմի վերաբերյալ դիրքորոշման համար, հայտնում է Tasnim-ը:
Նշվում է, որ Արաղչին բարձր է գնահատել պատերազմի ընթացքում Իրանի քաղաքացիների համար հյուպատոսական հարցերը թեթևացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերն ու աջակցությունը:
Իրանցի նախարարը նաև դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իսլամական Հանրապետության վրա: Գործակալության տվյալներով՝ Միրզոյանը, «կրկին դատապարտելով Իրանի դեմ ագրեսիան՝ ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության թուլացմանը»: Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա:
Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր։
Իսրայելը հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը հարվածել էր Իրանին։ Նույն օրն Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարվածներ էր հասցրել Իսրայելին։ ԱՄՆ-ն հունիսի 22-ի գիշերը հարվածներ էր հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտի։ Հունիսի 23-ի ուշ երեկոյան Իրանը հրթիռներ էր արձակել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել։