Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։
Փաստաբանի խոսքով՝ Միքայել Սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Զոհրաբյանը շեշտել է, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:
«Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով»,- գրել է փաստաբանը:
Հունիսի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ քրեական գործ էր հարուցել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության յուրացման, տարածքային ամբողջականության խախտման կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխման հրապարակային կոչեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ), ինչը պատժվում է մինչև հինգ տարվա ազատազրկմամբ։
Հունիսի 27-ի առավոտից ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը, որից հետո իրավիճակը սրվել էր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարել էր, որ օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության համար։