«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրաժարվել է իմփիչմենթի շրջանակում վարչապետի թեկնածությունից՝ հօգուտ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի։ Նա այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նրա խոսքով՝ քննարկում է ունեցել ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հետ և պատրաստակամություն հայտնել հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց։ Նա նաև նշել է, որ զուգահեռաբար Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում։
«Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։ Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,- հորդորել է նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի պաշտոնում առաջարկել էին ՀՀ հատուկ հանձնարարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թեկնածությունը և բանակցություններ սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այս նախաձեռնությանը, մինչդեռ «Հայաստան» դաշինքը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար նախ փողոցային ճնշումների կոչ էր արել: Ավելի ուշ խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Համբարձումյանին առաջադրել էր վարչապետի պաշտոնի թեկնածու։ Համբարձումյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ է։