ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Civic.am-ի հրապարակումը, որտեղ նշվում է, որ լրատվականի ձեռքում է հայտնվել պետության «Հեղաշրջման պլան»-ը։
Իշխանական լրատվամիջոցի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված են Հայաստանում իշխանափոխության քայլերը և նոր համակարգի անցումը՝ ժողովրդի, եկեղեցու, սփյուռքի և մասնագիտական կառույցների մասնակցությամբ։
Ըստ հրապարակման՝ ծրագիրը ներառում է մի քանի փուլ։ Զրո փուլը սկսվում է հուլիսի 23-ին և կոչվում «Գաղտնի ալիք», առաջին փուլը՝ օգոստոսի 2-ից և կոչվում «Քայքայում ներսից»։ Ըստ ծրագրի՝ սեպտեմբերի 30-ին 8-րդ փուլով ձևավորվում է «Նոր ուժ»։
Ռազմավարության համաձայն՝ Փաշինյանին հեռացնելու գլխավոր կարգախոսն է՝ «Հեռացի՛ր, որ ապրենք»։
Հրապարակված փաստաթղթի համաձայն, որը հնարավոր չէ ստուգել, իշխանափոխության մասնակիցների թվում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, արցախցիներ, եկեղեցականներ, զինվորականներ, ազգային փոքրամասնություններ, երիտասարդություն։
Դատախազությունից Armenia Today-ին փոխանցեցին, որ հրապարակումն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու: