Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակն է, Պրահայում ընթացող GLOBSEC 2025 ֆորումի շրջանակում կայացած «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ դրական արդյունքներով է ավարտել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
«Ադրբեջանի հետ այժմ խորհրդակցությունների գործընթացում ենք՝ այդ կետին հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- շեշտել է վարչապետը։
Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին՝ հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկներն ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։
Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։