Ոստիկանությունը Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել է անհայտ անձանց կողմից անհայտ ծագման դրոշը և կիրառել վարչարարություն, Armenia Today-ին հայտնեց ՀՀ ՆԳՆ Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։
Նշենք, որ դրոշը հիշեցնում է Ռուսաստանի ու Թուրքիայի դրոշների համադրում, այն է՝ ՌԴ եռագույնը՝ թուրքական դրոշի կիալուսնի ու աստղի համադրությամբ։
«Դրոշը հեռացվել է հրապարակից, արարքի կապակցությամբ համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից իրականացվել է վարչարարություն»,- նշեց Սիմոնյանը։
Նա չհայտնեց, թե ովքեր են դրոշը տեղադրողները, ինչ նպատակով է դա արվել և կոնկրետ ինչ վարչարարություն է կիրառվել։ Նշեց, որ իրադարձության շուրջ այլ անձանց գրառումները չեն մեկնաբանում։
Դրոշի տեղադրման մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր «Մարտական եղբայրություն» խմբավորման անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Նա նշել էր, որ «անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված դրոշ է տեղադրվել Երևանի կենտրոնում, սակայն ոստիկանությունը նրանց տուգանել է միայն փողոցը սխալ անցնելու համար և հրավիրել Կենտրոնի ոստիկանություն»:
Armenia Today-ը փորձեց կապ հաստատել Տեր-Աբրահամյանի հետ՝ պարզելու, թե արդյոք դրոշն ստեղծել ու տեղադրել են խմբավորման անդամնե՞րը, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։