ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության քննադատությանը՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ։
«Անհրաժեշտ չէ համատեքստից հանել գոյություն չունեցող թեզերը և փոխել բառերը՝ տալով դրանց բոլորովին այլ իմաստ»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Այսպես է նա արձագանքել Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ Մեդինսկու խոսքերի քննարկմանը։ Համեմատելով Ուկրաինայի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ Մեդինսկին Լեռնային Ղարաբաղն անվանել էր վիճելի տարածք։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածքի մաս։
«Մեդինսկին խոսել է պատմական ասպեկտի, սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և մարդկանց ցավի մասին»,- պարզաբանել է Զախարովան։
Հունիսի 9-ին Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում ուկրաինական հակամարտության շրջանակներում ստեղծված իրավիճակը համեմատել էր Արցախի հետ: Նրա խոսքով՝ եթե ուկրաինական հակամարտությունը դադարեցվի ռազմաճակատի գծում, և համաձայնության չլինի «իրական խաղաղության» շուրջ, ապա այդ տարածաշրջանը «կվերածվի հսկայական Ղարաբաղի»:
Ավելի ուշ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել էր Մեդինսկու այս հայտարարությանը։ Բաքուն ղարաբաղյան և ուկրաինական հակամարտությունների համեմատությունն անվանել էր «անտեղի» և հայտարարել, որ Ադրբեջանը «երբեք ագրեսիվ պատերազմ չի մղել որևէ պետության դեմ»։ «Մենք խորհուրդ ենք տալիս պարոն Մեդինսկուն զերծ մնալ միջպետական հարաբերությունները վնասելուց՝ նման սխալ հայտարարություններով այն հարցերի վերաբերյալ, որոնք գերազանցում են նրա լիազորությունները»,- հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։