ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ստեղծել Համակարգող խումբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։
Սոցիալական հարթակներում Փաշինյանը նշել է, որ համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Առաքելական Սուրբ եկեղեցու այն հետևորդները, ովքեր՝
ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին,
բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը,
գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահք,
դ) ամեն օր աղոթում են,
ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։
Ըստ վարչապետի՝ համակարգող խմբի անդամ կարող են լինել թե՛ աշխարհիկ մարդիկ, թե՛ հոգևորականներ, կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։
Խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը վարչապետը վերցրել է իր վրա, սակայն նշել, որ հետագայում խումբն ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։
Նա խնդրել է համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար անուն-ազգանուն, հեռախոսահամար ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ համակարգող խումբ և կարճ գրելով մասնագիտության կամ զբաղմունքի մասին։
Մայիսի 29-ին Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել»։ Այս հայտարարություննը քննադատության էր արժանացել, ի պատասխան՝ վարչապետը մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։ Հունիսի 9-ին վարչապետը կոչ էր արել համախմբվել նոր կաթողիկոսի ընտրության շուրջ՝ արդեն պնդելով, որ Գարեգին Երկրորդը որդի ունի: