ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և խստիվ դատապարտել Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ գործող իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը, հայտնում են Մայր Աթոռից։
Նշվում է, որ նախկին նախագահն առանձնազրույց է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և իր լիակատար աջակցությունը հայտնել նրան։
Մայիսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «հայկական եկեղեցիները չուլանոց, աղբավայր են դարձրել», ինչից հետո նրան քննադատել էին։ Ի պատասխան՝ մայիսի 30-ին մի շարք գրառումներով անդրադարձել էր հոգևորականներին ու նշել, որ պետությունը պետք է մասնակից լինի կաթողիկոսի ընտրություններին։ Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հոգևորականներին մեղադրել էր այլասերվածության մեջ։
Հունիսի 2-ին Փաշինյանը հայտարարել էր՝ «եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»։ Ավելի ուշ Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ էր արել կասեցնել «վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը»։